National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.09.2016
ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը
1 / 12

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` քննարկելով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Նշենք, որ հանձնաժողովի անդամի թափուր տեղի մրցույթում հաղթող է ճանաչվել Տիգրան Հակոբյանը, ում պատգամավորներն ուղղել են ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր:

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրել է, որ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նիստում որոշվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի ընտրությունն անցկացնել սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13:30-14:10-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ կառավարության եւ ԱԺ պատգամավոր էդմոն Մարուքյանի հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է պարզեցնել ցածր արժեք ունեցող ապրանքների մաքսային սահմանով տեղափոխման գործընթացը, ազատել տնտեսվարողներին մաքսավճարների վճարման պարտականությունից:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նիստին զուգընթաց՝ տեղի են ունեցել ՀՀ գլխավոր դատախազի եւ ՀՌԱՀ անդամի ընտրության գաղտնի քվեարկությունները:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազի ընտրության գաղտնի քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր: Բացելով քվեատուփը՝ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը արձանագրել է, որ Արթուր Դավթյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 3 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ:

Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը նաեւ տեղեկացրել է, որ ՀՌԱՀ անդամի ընտրության գաղտնի քվեարկությանը մասնակցել է 111 պատգամավոր: Բացելով քվեատուփը՝ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը պարզել է, որ Տիգրան Հակոբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 105 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Քվեարկության արդյունքներով՝ ՀՌԱՀ անդամ է ընտրվել Տիգրան Հակոբյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նա տեղեկացրել է, որ նախագծով առաջարկվում է միասնական մոտեցում սահմանել շահույթ հետապնդող շահումով խաղերի կազմակերպման գործունեության եւ վերահսկողության նկատմամբ: Մասնավորապես, «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաեւ ինտերնետային շահումով խաղերի վրա:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Այնուհետեւ պատգամավորները քննարկել են «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2015 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նա տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում ծրագիրը լրացվել է եւ ցանկում ընդգրկվել է նաեւ «Հայփոստ» ՓԲԸ-ն: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 51,978 մլն դրամ, որից ընկերությունների՝ ձեռնարկությունների, մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 25,135 մլն դրամ, իսկ նախորդ տարիներին մասնավորեցված փոքր օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 26,843 մլն դրամ: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության որոշումներով սահմանված կարգով, յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության եւ գույքի վերաբերյալ ԶԼՄ-ներով, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

Արման Սահակյանը մանրամասն ներկայացրել է հաշվետվությունը, պատասխանել պատգամավորների հարցերին: Նշենք, որ հաշվետվությունն ընդունվում է ի գիտություն:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Առաջին ընթերցմամբ պատգամավորները քննարկել են «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերատադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից նախագծով, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Առաջարկվում է հստակեցնել եւ օրենսդրական կարգավորումների միջոցով թույլատրել նաեւ ՀՀ-ում գտնվող անձանց եւս օգտվել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, սահմանել, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը` փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով, չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացիների նկատմամբ: Առաջարկվում է ամրագրել երեխայի եւ ծնողի միջեւ պարտադիր կենսաբանական կապի առկայության վերաբերյալ դրույթ, ըստ որի` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինները կամ նրանցից առնվազն մեկը, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը պետք է լինեն(ի) ապագա երեխայի կենսաբանական ծնողը, ինչը պետք է հաստատվի ԴՆԹ-ի միջոցով: Բացի այդ՝ փոխնակ մոր ինստիտուտի կիրառման սահմանափակման նպատակով առաջարկվում է ամրագրել դրույթ, ըստ որի` կինը չի կարող երկու անգամից ավելի հանդես գալ որպես փոխնակ մայր:

Իսկ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է սահմանել իրավական մեխանիզմներ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների արդյունքում ծնված երեխաների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանության համար, ապահովել կանխարգելիչ գործիքներ՝ հնարավոր չարաշահումների համար, քրեական պատասխանատվություն սահմանելու եղանակով եւ այս ճանապարհով լրացնել օրենքի բացը:

ԱԺ գլխադասային՝ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Խորհրդարանը քննարկել է նաեւ 2016 թվականի փետրվարի 3-ին Մակաոյում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջեւ մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը:

Քննարկված օրինագծերի քվեարկությունը տեղի կունենա ԱԺ հաջորդ քառօրյա նիստերի ընթացքում:
 
Խորհրդարանն այսքանով ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:


14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, 334 սրահում համատեղ նիստ կհրավիրեն: Կքննարկվի «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am